Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով Հայաստանում են գտնվում Էստոնիայի Եկեղեցիների խորհրդի պատվիրակները: Սեպտեմբերի 18-ին նրանք այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ուր Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հոգիների հանգստության համար աղոթք բարձրացրեցին առ Աստված և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին` ծաղիկներ դնելով անմար կրակի մոտ:
Էստոնացի պատվիրակներն այցելեցին նաև Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ուր նրանց ընդունեց թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը: Այստեղ խորհրդի անդամները ծանոթացան թանգարանի ցուցադրություններին, գրանցում կատարեցին հուշամատյանում:
Նույն օրը պատվիրակությունն եղավ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, այցելեց Հառիճավանք, Վահանաբերդ, Գյումրիի Յոթվերք Ս. Աստվածածին եկեղեցի, թեմի սոցիալական կենտրոն:
Սեպտեմբերի 19-ին Էստոնիայի Եկեղեցիների խորհրդի պատվիրակները Միածնաէջ Մայր Տաճարում մասնակցեցին Ս. Պատարագի արարողությանը, ապա հյուրընկալվեցին Խոր Վիրապի վանքում: Նույն օրը պատվիրակությունն այցելեց Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց, ուր ճեմարանականները հանդես եկան հոգևոր և ազգային երգերի կատարմամբ: Ուսանողների առջև ելույթ ունեցավ պատվիրակության ղեկավար Տ. Լազար եպիսկոպոս Գուրկինը: