Հոկտեմբերի 22-24-ը Կրասնոդարում և շրջանի այլ քաղաքներում կկայանա «Կուբան-Jazz-2010» փառատոնը` նվիրված հայտնի ջազմեն, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, փառատոնի հիմնադիր Գեորգի Գարանյանի հիշատակին:
Հոկտեմբերի 22-ին` փառատոնի բացման օրը, Կրասնոդարի Երաժշտական թատրոնում ելույթ կունենան ամերիկացի ջազ-կիթառահար Սթենլի Ջորդանը, Ֆինլանդիայից ժամանած ջութակահար-վիրտուոզ Վիտալի Իմերելին, ինչպես նաև երաժիշտ ու պրոդյուսեր Ասհադ Սայֆուլլինը (կոնտրաբաս):
Փառատոնում ելույթ կունենան նաև ամերիկացի սաքսոֆոնահար Քրեյգ Հենդին և «ՄոսԳորՏրիո» ջազ-համույթը` Յակով Օկուն (ռոյալ), Մակար Նովիկով (բաս), Ալեքսանդր Մաշին (հարվածայիններ):
«Կուբան-Jazz-2010» V Միջազգային փառատոնը կփակի Կրասնոդարի Գեորգի Գարանյանի բիգ-բենդի և Կառլ Ֆրիերսոնի «DePhazz» էլեկտրոնային երաժշտության պարային խմբի համերգը, հաղորդում է Յուգոպոլիսը` հղում անելով «Պրեմիերա» ՍՄ մամլո ծառայությանը:
Գեորգի Գարանյանը վախճանվեց 2010 թվականի հունվարի 11-ին Կրասնոդարում հյուրախաղերի ժամանակ: