22 սեպտեմբերի 2010 - 14:47 AMT
ԱՄՆ նախագահը ստիպվա՞ծ է լինելու նոր թեկնածու առաջադրել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

Այն բանից հետո, երբ Մեթյու Բրայզաի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար հավանություն ստացավ Սենատի հանձնաժողովում, սենատոր Բոքսերը երկրորդ անգամ կիրառեց վետոյի իր իրավունքը: Ըստ ԱՄՆ Սահմանադրության, եթե թեկնածությունը չի հաստատվում Սենատի պրոֆիլային հանձնաժողովում, նախագահը պետք է մեկ այլ թեկնածու առաջարկի դիվանագիտական պաշտոնի համար:

Ինչպես հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, Բրայզայի նշանակումը Բաքվում դեսպանի պաշտոնում կնշանակեր դավաճանել ԱՄՆ շահերին Ադրբեջանում՝ սպառնալիքի տակ դնելով ժողովրդավարությունն ու կայունությունը Կովկասում: «Մենք երախտապարտ ենք սենատորներ Բոքսերին ու Մենենդեսին իրենց սկզբունքային դիրքորոշման համար: Բրայզան վատ դիվանագետ է, որը առաջարկվել է վատ ժամանակ և դա սխալ նշանակում է»,-ասել է Համբարյանը: Նման տեասկետ ունի նաև սենատոր Բոքսերը, որը նշել է, որ չի հավատում, թե Բրայզայի թեկնածությունը ճիշտ ընտրություն էր: «Նա չպատասխանեց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին , Հին Ջուղայի հայկական գերեզմանոցի ոչնչացման մասին հացերին»,-ասել է նա:

Ըստ Մենենդեսի, նա լուրջ մտավախություններ ունի Բրայզայի հարցում, քանի որ Բրայզան անձնական կապեր ունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ և չի կարող անաչառ լինել Հայոց ցեղասպանության հարցում:

2006թ. սենատոր Մենենդեսը նույն կերպ արգելափակեց Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը, քանի որ նա չէր ճանաչում Հայոց ցեղասպանությունը և ԱՄՆ նախագահը ստիպված եղավ նոր թեկնածու առաջադրել:

Բրայզան եղել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալը Եվրոպայի ու Եվրասիայի գծով և զբաղեցրել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնը: