22 սեպտեմբերի 2010 - 18:30 AMT
Հայաստանի կաթնամթերքի շուկան սեփականացրել են մի քանի ընկերություններ

Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սեպտեմբերի 22-ին կայացած նիստի ընթացքում հաստատեց կաթնամթերքի շուկայում կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Կաթնամթերքի շրջանառության ոլորտում Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ բնագավառի գրեթե բոլոր ապրանքային շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան, կան գերիշխող դիրք գրավող ընկերություններ, որոնք Հանձնաժողովի որոշմամբ կգրանցվեն գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում:

Ինչպես նշվում է ՏՄՊՊՀ մամլո ծառայության հաղորդագրուևթյան մեջ, «Պաստերիզացված և ստերիլիզացված (մանրեազերծված) կաթի» շուկայում գերիշխող դիրքում են «Դուստր Մարիաննա», «Աշտարակ-Կաթ» և «Չանախ» ընկերությունները` գրավելով շուկայի 69.4 %ը: Նույն ընկերությունները «Թթվասեր» ապրանքային շուկայում միասին գրավում են շուկայի 85.1 %ը: Իսկ «Պաղպաղակ» ապրանքային շուկայում գերիշխող դիրք են գրավում «Թամարա», «Աշտարակ-Կաթ» և «Գրանդ Քենդի»ընկերությունները, որոնք միասին գրավում են շուկայի 67 %ը:

«Մածուն» և «Քամած մածուն» ապրանքային շուկաներում ևս Հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքներով գերիշխող դիրք ունեցող են համարվել «Դուստր Մարիաննա», «Աշտարակ-Կաթ» և «Չանախ» ընկերությունները` որոնք գրավում են շուկայի 74.4 %ը: «Յոգուրտ» ապրանքային շուկայում, որտեղ նախկինում բարձր կենտրոնացվածություն չէր գրանցվել, այժմ գերիշխող են համարվել «Աշտարակ-Կաթ», «Արթ Վայն» և «Բրենդ Լիդեր» ընկերությունները` գրավելով շուկայի 78.9 %ը: «Կեֆիր» ապրանքային շուկայում ևս նախկինում բարձր կենտրոնացվածություն չէր գրանվել, սակայն այժմ Հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են գերիշխող դիրք գրավող 3 ընկերություն` «Դուստր Մարիաննա», «Աշտարակ-Կաթ» և «Բիո Կաթ» (88.5 %):