22 սեպտեմբերի 2010 - 22:00 AMT
Հայաստանն ու Եգիպտոսը մտադիր են ընդլայնել համագործակցությունն էներգետիկայի ու տուրիզմի ոլորտում

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Եգիպտոսի փոխարտգործնախարար, ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի գլխավոր քարտուղար Սոմեյա Սաադին:

Ընդգծելով, որ երկու երկրների միջև առկա է արդյունավետ քաղաքական երկխոսություն, Արմեն Գևորգյանը միաժամանակ կարևորեց առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը` նկատելով, որ այս ասպարեզում կա չօգտագործված մեծ ներուժ: Նա հույս հայտնեց, որ տարեվերջին նախատեսված հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստը համագործակցության նոր հնարավորություններ կբացահայտի:

Երկուստեք ընդգծվեց բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների ընդլայնման և զարգացման անհրաժեշտությունը:

Փոխվարչապետը նաև ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամի գլխավոր քարտուղարին` հիմնադրամի հետ Հայաստանի գործակցությունը համարելով օգտակար և արդյունավետ:

Սոմեյա Սաադը նկատեց, որ Հայաստանը հիմնադրամի շահառուների թվում առաջիններից է և նշեց, որ պատրաստակամ են հաշվի առնելու հայկական կողմի առաջարկները` հիմնադրամի գործունեության շրջանակների և դասընթացների թեմատիկաների ընդլայնման վերաբերյալ: Մասնավորապես կարևորվեց վերապատրաստման ծրագրերի իրականացումը էներգետիկայի, զբոսաշրջության և մի շարք այլ բնագավառների մասնագետների համար:

Հայ-եգիպտական մշակութային հարաբերությունների խորացման համատեքստում զրուցակիցները կարևորեցին նաև Եգիպտոսում անցկացվող հայկական մշակութային օրերը, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: