23 սեպտեմբերի 2010 - 12:46 AMT
Բրայզայի թեկնածության քննարկումը Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնում կարող է վերսկսվել ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից հետո

Մեթյու Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակելու վերաբերյալ սենատորներ Բարբարա Բոքսերի, Ռոբերտ Մենենդեզի և Հարի Ռեյդի կրկնակի «վետոն» նշանակում է, որ լսումները տեղի կունենան ևս մեկ անգամ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա կարծիքով, կրկնակի լսումը, ամենայն հավանականությամբ, նշանակվելու է Սենատում և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում միջանկյալ ընտրություններից հետո, որոնք տեղի են ունենալու նոյեմբերին:

Միաժամանակ, ադրբեջանական ԶԼՄ-ներն արդեն հասցրել են Մեթյու Բրայզային «հաստատել» Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:

Սեպտեմբերի 21-ին արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Մեթյու Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատելուց հետո սենատորներ Բարբարա Բոքսերը, Ռոբերտ Մենենդեզը և Հարի Ռեյդն օգտվել են «վետոյի» իրավունքից, և Բրայզան չի հաստատվել: