23 սեպտեմբերի 2010 - 15:01 AMT
Թուրքիայի հայերն առաջարկել են թուրքական իշխանություններին վերանորոգել հայկական Սբ Կիրակոս եկեղեցին

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարգը իդեալական գովազդ էր, որ պատրաստել էին Թուրքիայի իշխանությունները զբոսաշրջիկներին գրավելու համար: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի աշխատակից Քրիստինե Մելքոնյանը: Ըստ նրա, այսօրվա Թուրքիան հայկական վանքերի ու եկեղեցիների վերականգնմամբ ձգտում է դուր գալ Եվրոպային և զարգացնել երկրի արևելյան շրջանների տնտեսությունը:

Իր հերթին պատմաբան, պրոֆեսոր Աշոտ Այրունին ընդգծել է, որ Թուրքիայի հայ համայնքը, այդ թվում նաև ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարք Արամ Աթեշյանը, առաջարկել է թուրքական իշխանություններին վերանորոգել հայկական Սբ Կիրակոս եկեղեցին, որը գտնվում է Դիարբեքիրում: «Եթե Թուրքիան վերականգնի հայկական վանքերն ու եկեղեցիները հայ ճարտարապետության պահանջներին համաձայն, այդ քայլը միայն ողջունելի կլինի»,-ասել է պատմաբանը: Ըստ մասնագետների, Սբ Կիրակոս եկեղեցու բացումը կօգնի մահմեդականացված հայերին վերադառնալ քրիստոնեական հավատին: