23 սեպտեմբերի 2010 - 17:54 AMT
Հայաստանում ապրում է 20 ՄԻԱՎ վարակակիր երեխա

«ՄԻԱՎ-ի և նրա բուժման մեթոդների մասին իրազեկվածությունը թույլ է տալիս ՄԻԱՎ-ով վարակված կանանց առողջ երեխաներ ունենալ»,-հայտարարել է «Իրական աշխարհ՝ իրական մարդիկ» ՀԿ գենդերային հարցերի մասնագետ Քրիստինե Մովսիսյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, հակառետրովիրուսային դեղամիջոցներով բուժման դեպքում 98 տոկոս ՄԻԱՎ-ով հիվանդ կանանցից առողջ երեխաներ են ծնվում: «Սակայն, չի կարելի մեղադրել այն կանանց, որոնք իրազեկ չեն և համապատասխան բուժում չեն ստանում»,-ասել է Քրիստինե Մովսիսյանը՝ հավելելով, որ Հայաստանում ապրում է 20 ՄԻԱՎ վարակակիր երեխա:

«Բազմաթիվ հետազոտությունները թույլ են տալիս ասել, որ ՄԻԱՎ-ն այլևս մահացու հիվանդություն չէ, սակայն նրա բուժումը բավականին թանկ է և ոչ բոլորը կարող են դա իրենց թույլ տալ»,-ասել է կազմակերպության փոխնախագահ Ժենյա Մաիլյանը՝ հավելելով, որ այդ հարցում հայ կանանց օգնում է «Գլոբալ» հիմնադրամը:

1988 թվականից ի վեր Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ-ով վարակվելու 900 դեպք, որից 250-ը՝ կանայք են: