Մոսկվայի հայկական կազմակերպությունների ֆորումը (ՄՀԿՖ) վրդովված է ՌԴ ԴԾ Պետական Դումայի` սահմանադրական օրենսդրության և պետական շինարարության գծով կոմիտեի նախագահի տեղակալ, ՌԴԿԿ անդամ Վիկտոր Իլյուխինի հակահայկական հայտարարություններից, որոնք նա արել է ադրբեջանական ԶԼՄ տված հարցազրույցում: Պատգամավորն այդ հարցազրույցում ջանում է իրականում ղարաբաղյան հիմնահարցում տեղ գտած պատմական իրողությունները վերաշարադրելու հուսահատ և խղճուկ փորձ կատարել: Հարցազրույցում առկա գնահատականը խիստ միակողմանի, միտումային և խորշելի է: Հայ ժողովրդի ու հայ գործիչների հասցեին ուղղված նման մեղադրանքներով բազմիցս հանդես է եկել և հանդես է գալիս ադրբեջանական վարչակարգը: Այդ մասին ասվում է ՄՀԿՖ հայտարարության մեջ: Հայտարարության հեղինակները ՌԴԿԿ խորհրդարանական խմբակցության պատգամավորներին, ինչպես նաև ՌԴ Դաշնային Խորհրդի Պետական Դումայի մյուս պատգամավորներին կոչ են անում ուշադրություն դարձնել իրենց պաշտոնակցի զրպարտող և կեղծված հայտարարություններին և համապատասխան գնահատական տալ այդ դրսևորմանը:
«Մենք հայտարարում ենք, որ պատգամավորի նման միտումային գնահատականները Ռուսաստանի հայկական սփյուռքի և առհասարակ հայ հասարակության աչքերում ստվեր են նետում նրա ներկայացրած քաղաքական կուսակցության վարկի վրա»,- ընդգծվում է հայտարարության մեջ: