24 սեպտեմբերի 2010 - 16:55 AMT
Միայն երկու հայկական տառատեսակներ են թույլատրված պաշտոնական փաստաթղթերի շրջանառության մեջ կիրառվելու համար

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սեպտեմբերի 24-ին կայացած նիստում հաստատել է ՀՀ պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային երկու`«Մարիամ» և «Գրապալատ» տառատեսակները:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են կառավարության մամլո ծառայությունից, նման որոշումն ընդունվել է` ելնելով ՅՈՒՆԻԿՈԴ (Unicode) կոդավորման համակարգին համապատասխան հայկական տառատեսակների ներդրման և կիրառության անհրաժեշտությունից, ինչպես նաև հաշվի առնելով «Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ օրենքի դրույթները և հեղինակային իրավունքի վերաբերյալ Հայաստանի Հանրապեության միջազգային պարտավորություները և ՀՍՏ 311-2009 «Հայկական համակարգչային տառատեսակներ» ստանդարտով սահմանված չափորոշիչները:

Այդ տառատեսակները մշակվել են 2008 թվականին «Հայաստանի ազգային գրապալատի» բաժնի պետ, դիզայներ Էդիկ Գաբուզյանի կողմից և համատեղելի են ինչպես IBM, այնպես էլ Macintosh համակարգիչների հետ: