24 սեպտեմբերի 2010 - 17:34 AMT
ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավարը շնորհավորել է բոլորին Տիգրան Մարտիրոսյանի հաղթանակի առթիվ

Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր և Եվոպայի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ ք/կ) սեպտեմբերի 23-ին դարձավ ծանրամարտի աշխարհի չեմպիոն:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավար Սամվել Խաչատրյանը, որը գլխավորում է հայկական պատվիրակությունը, շնորհավորել է բոլոր հայերին այդ մեծ հաղթանակի կապակցությամբ: «Տիգրանը շատ ուժեղ ծանրորդ է, նրա սպորտային կենսագրության մեջ բացակայում էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը, սակայն Անթալիայում նա կարողացավ ցույց տալ իրեն: Մեզ համար դա կարևոր հաղթանակ է, հուսով եմ, այսօր մեզ ուրախություն կպարգևեն նաև մյուս Տիգրան Մարտիրոսյանն ու Արա Խաչատրյանը 85 կգ քաշային կարգում»,-ասել է Խաչատրյանը:

Մելինե Դալուզյանը 69 կգ քաշային կարգում դարձավ բրոնզե մրցանակակիր 251 կգ ցուցանիշով:

Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 6 ոսկե մեդալ և թիմային ստուգարքում 6-րդ տեղում է: Առաջին տեղում է Չինաստանի հավաքականը 29 մեդալով:

Սեպտեմբերի 25-ին հանդես կգան ԱԱ արծաթե մրցանակակիր Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ ք/կ) և Եվրոպայի չեմպիոն Գևորգ Պողոսյանը (95 կգ ք/կ),իսկ սեպտեմբերի 26-ին՝ Արթուր Բաբայանը (105 կգ ք/կ):