24 սեպտեմբերի 2010 - 18:47 AMT
Վլադիմիր Սպիվակով. Չափազանց կարևոր է տաղանդի դրսևորման համար հնարավորություններ ստեղծել

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովին, ով Հայաստանում է գտնվում ԱՊՀ երկրների երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագրի շրջանակում:

Ողջունելով մեծանուն դիրիժորին`նախագահը նշել է. «Շատ ուրախ եմ, որ Ձեր այցելությունները մեր երկրի մշակութային կյանքում մեծ իրադարձության են վերածվում: Դրա մասին են վկայում առաջին հերթին լի դահլիճները, եւ երկրորդ` այն ջերմությունը, որով Ձեզ դիմավորում են: Կարծում եմ, վստահ եք, որ Հայաստանում Ձեզ շատ են սիրում եւ համարում են Հայաստանի բարեկամ»: Վլադիմիր Սպիվակովը Հանրապետության ղեկավարի հետ զրուցել է երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագրի եւ այն գաղափարի մասին, որի նպատակով երեք տարի առաջ հիմնադրվել է նվագախումբը: Վերջինիս ստեղծման նպատակն էր` նվագախմբում ընդգրկել տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ովքեր նաեւ տարբեր մշակույթի կրողներ են: Աշխարհահռչակ դիրիժորի խոսքով, երաժշտությունն արվեստի ուժով համախմբում է այն, ինչ մարդկային լեզուն ի զորու չէ իրականացնել:

Համերգային ծրագրի վերաբերյալ Վլադիմիր Սպիվակովն ասել է, թե շատ ուրախ է նման իրադարձության կապակցությամբ: Նա հիացմունքով է խոսել նվագախմբում հանդես եկող հայ երաժիշտների մասին, ընդգծելով, որ Հայաստանում այդպիսի տաղանդավոր երիտասարդներ շատ կան, եւ չափազանց կարեւոր է նրանց գտնելն ու տաղանդի դրսեւորման համար հնարավորություններ ստեղծելը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: