25 սեպտեմբերի 2010 - 10:46 AMT
Բարաք Օբաման «հիշեցրեց» Ալիևին հրադադարի ռեժիմը պահպանելու անհրաժեշտության մասին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է, որ սատարում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Այդ մասին Օբաման ասել է Նյու Յորքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ: Նա ընդգծել է նաև, որ հարկավոր է պահպանել հրադադարի մասին համաձայնագիրը Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: «Հարկավոր է գտնել հակամարտության խաղաղ լուծումը Հելսինկյան համաձայնագրի հիման վրա, այն է՝ ուժի կամ սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովրդների ինքնորոշման իրավունք»,-ասել է Օբաման, հաղորդում է Սպիտակ տան մամլո ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները: Օբաման և Ալիևը կարծիքներ են փոխանակել էներգետիկ և տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Օբաման հույս է հայտնել, որ Ադրբեջանը, որպես երիտասարդ ժողովրդավարություն, բարեփոխումներ կիրականացնի մարդու իրավունքների ոլորտում, և կոչ է արել ազատ արձակել 2 բլոգերների, որոնք ազատազրկման մեջ են: «Քաղաքացիական հասարակության ուժեզ ինստիտուտները նպաստում են Ադրբեջանի տնտեսական աճին ու կայունությանը,-ասել է Օբաման: