28 սեպտեմբերի 2010 - 15:22 AMT
Բելառուսը դեռևս ուզում է հայկական կոնյակ արտադրել

Բելառուսում հայկական կոնյակին բաժին է ընկնում վաճառքի ողջ ծավալի 38%-ը, սեպտեմբերի 28-ին Երևանում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հաղորդել է Բելառուսի առևտրի նախարար Վալենտին Չեկանովը: Նրա խոսքով, այսօր երկրում դրա ներկրմամբ զբաղվում են վեց մասնավոր և պետական ձեռնարկություններ: «Մենք աջակցելու ենք, որպեսզի մեր շուկայում դրա ծավալներն ավելանան»,- ավելացրել է նա:

Խոսելով Բելառուսում հայկական կոնյակի արտադրության գործարանի շինարարության հնարավորության մասին` Վալենտին Չեկանովն ասել է, որ առայժմ չկա հատուկ արձանագրություն, և այդ հարցը քննարկման փուլում է գտնվում: Ընդ որում, նա նշել է, որ Բելառուսում ներկայումս արտադրվում են մոլդավական և այլ կոնյակներ այդ երկրների տեխնոլոգիաներով: «Դրանք հաջողությամբ վաճառվում են շուկայում: Մենք կուզենայինք, որպեսզի նույնը լիներ նաև հայկական կոնյակի դեպքում»,- ասել է առևտրի նախարարը:

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն իր հերթին նշել է, որ կոնյակն արտադրվելու է հայկական տեխնոլոգիայով: Անդրադառնալով գործարանի բացմանն ու այնտեղ «հայկական կոնյակի» արտադրությանը` ՀՀ նախարարն անվստահություն է հայտնել նման ծրագրերի իրագործման հարցում, առավել ևս, որ ՀՀ օրենսդրության մեջ սահմանափակումներ կան «հայկական կոնյակ» անվանման օգտագործման համար, ավելին` «մեր հանրությունն ակտիվորեն հետևում է նման գործընթացներին»: