29 սեպտեմբերի 2010 - 14:48 AMT
Ինգա և Անուշ Արշակյաններն առաջին մենահամերգն են տվել Մոսկվայում

«Մոսկովյան օպերետի» թատրոնում տեղի է ունեցել Ինգա և Անուշ Արշակյանների «Մենք ենք՝ մեր սարերը» խորագրով համերգը: Այս համերգային ծրագիրը ոչ միայն բացահայտում է կատարողների վոկալ հնարավորությունները, այլ նաև նրանց դերասանական կարողությունները: Հնչեցին ժողովրդական երգերի մշակումներ, Կոմիտասի ստեծագործությունները կիթառի նվագակցությամբ, Անուշ Արշակյանի լիրիկական երգերը, Մարինե Գյուլումյանի և Մանե Հակոբյանի բարդ կոմպոզիցիաները, Արթուր Գրիգորյանի հայտնի «Հանեք դիմակները» երգը և իհարկե, քույրերի հիթերը: Ինգան ու Անուշը կարողացան ներկայացնել լայն երաժշտական դիապազոնը՝ պահպանելով ոճի միասնությունը:

Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Մոսկվայից, քույրերը հանդես եկան հայտնի ջազ կատարողների նվագակցությամբ: Մոսկվայի «Հայորդիք» պարային համույթը հարստացրեց համերգը իր պարային համարներով: Մոսկովյան հանդիսատեսին քույրերը գերեցին ոչ միայն անթերի կատարմամբ, բեմում ներկայանալու ունակությամբ, այլ նաև հանդիսատեսի հետ շփման ճիշտ ընտրված եղանակով: