29 սեպտեմբերի 2010 - 16:40 AMT
Ադրբեջանի ներկայացուցիչն այնքան «զբաղված» էր, որ չկարողացավ ժամանել ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի նիստին

Երևանում սկսվել է ԱՊՀ բարձրագույն ֆինանսական վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նիստը «Բարձրագույն վերահսկիչ մարմինների դերը երկրի սոցիալ-տնտեսական գործընթացների կառավարման գործում» անվանումով:

«Ձեր նիստի թեման և բովանդակությունն արդիական են այսօրվա սոցիալ-տնտեսական գործընթացների կառավարման և մարտահրավերների համատեքստում: Այդ գործում կարևոր է բարձրագույն վերահսկիչ մարմինների դերը: Պետական ռեսուրսների կառավարման վերահսկողությունը իշխանության ինստիտուտի արդյունավետության բարձրացման կարևորագույն մեխանիզմ է»,- ասվում է նիստի մասնակիցներին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքում:

Նիստին մասնակցում են Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի բարձրագույն ֆինանսական վերահսկիչ մարմինները, իսկ Ադրբեջանի ներկայացուցիչն այնքան «զբաղված» էր, որ չկարողացավ ժամանել ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի նիստին: