29 սեպտեմբերի 2010 - 17:00 AMT
Թուրքիան «հասունացե՞լ է» պատմական հարցերի քննարկման համար

Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները ուժի մեջ են մնում, և Անկարան կաշխատի գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն՝ հանդես գալով Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցում կայացած մամլո ասուլիսում: Թուրքիայի նախարարը հիշեցրել է, որ հայ և թուրք ժողովրդները դարերով իրար կողք են ապրել:

Անդրադառնալով պատմությանը՝ Դավութօղլուն հայտարարել է, որ թուրքական կողմը պատրաստ է քննարկել պատմությունը՝ կոչ անելով «չփակել դուռը»: «Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ, այդ պատճառով է, որ մենք ստորագրեցինք արձանագրությունները: Մեզ նոր Կովկաս է հարկավոր, որտեղ կտիրի փոխադարձ հարգանքը, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները կկարգավորվեն»,-ասել է թուրք նախարարը, գրում է թուրքական Today's Zaman-ը: