29 սեպտեմբերի 2010 - 18:12 AMT
«Հայաստանի լույսը» տեսանելի է Փարիզից

Սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ հոբելյանի նշման շրջանակներում Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի բարձր հովանու ներքո Փարիզի «Սանթրալիենների տանը» տեղի է ունեցել «Հայաստանի լույսը» լուսանկարչական ալբոմի շնորհանդեսը: Միջոցառման կազմակերպիչն էր ֆրանսահայ գործարար Սիրիլ Վասկոլ Կազանջյանը և նրա հիմնադրած «Հայաստանի լույսը» միությունը:

Ֆրանսիացի հայտնի արվեստագետ-լուսանկարիչ Ժան-Միշել Բերցի սև-սպիտակ լուսանկարներում ներկայացված է Հայաստանի ու Արցախի վաղնջական խորհուրդն ու նախաստեղծ գեղեցկությունը, հայոց բնաշխարհի միստիկական լույսն ու խորախորհուրդ զորությունը:

Շնորհանդեսին բացման խոսքով հանդես է եկել միջոցառման կազմակերպիչն ու նախագծի հովանավորը` Սիրիլ Վասկոլ Կազանջյանը: Ներկաներին ողջույնի խոսքով դիմել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը: Լուսանկարիչ-արվեստագետ Ժան-Միշել Բերցն անդրադարձել է Հայաստանում կատարած եռամյա աշխատանքի ընթացքում իրեն ուղեկցած մտորումներին ու Հայաստանի միստիկական խորհրդի հայտնաբերմանը:

Միջոցառմանը հրավիրված էին և իրենց մասնակցությունը բերեցին Ֆրանսիայի կառավարական շրջանների, Փարիզում հավատարմագրված դիվանագիտական անձնակազմի, քաղաքական, հասարակական, լրատվական, մշակութային, գիտակրթական ոլորտների ներկայացուցիչներ, ֆրանսահայ համայնքային կառույցների անդամներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: