30 սեպտեմբերի 2010 - 13:56 AMT
«Արմավիան» հասավ նաև Անգլիա

Սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել «Արմավիա» ընկերության Երևան-Բիրմինգեմ-Երևան չվերթի բացումը: «Մենք շարունակում ենք ուղղությունների ավելացման քաղաքականությունը և Երևան-Բիրմինգեմ-Երևան չվերթի բացումը պետք է Եվրոպան կապի Ասիայի և Մերձավոր Արևելքի հետ»,-ասել է «Արմավիայի» գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը:

Նա նաև նշել է, որ ընկերության՝ Երևանը տարանցիկ քաղաքի վերածելու ռազմավարության շրջանակներում այդ չվերթը թույլ կտա Հնդկաստանից Երևանով հասնել Բիրմինգեմ, որտեղ մեծ համայնք կա: Ըստ գլխավոր տնօրենի, նոր չվերթը կնպաստի Հայաստանի կապերի զարգացմանը Անգլիայի երկրորդ արդյունաբերական քաղաքի հետ տնտեսության, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում: Այնտեղ զարգացած է սննդարդյունաբերությունը, մեքենաշինությունը, մետալուրգիան:

Բիրմինգեմի օդանավակայանում չվերթի բացման պաշտոնական արարողության ժամանակ օդանավակայանի փոխտնօրեն Փոլ Քիերը կարևորել է այդ ուղղությունը, որը կապող օղակ կհանդիսանա Եվրոպայի ու Ասիայի միջև:

Այս տարի «Արմավիան» ուղիղ չվերթեր է բացել դեպի Դելի, Թել Ավիվ, Թեհրան, Բարսելոնա, շուտով սպասվում է Երևան-Պեկին-Երևան չվերթի բացումը: