30 սեպտեմբերի 2010 - 15:24 AMT
Հայաստանում խաղողի ռեկորդային բերքի մասին հայտարարությունն ընդամենը առասպե՞լ է

«Այս տարի Հայաստանում խաղողի ռեկորդային բերքի մասին հայտարարություներն ընդամենը առասպել է»,- մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի Ագրարագյուղացիական միության (ՀԱԳՄ) նախագահ Հրաչյա Բերբերյանը: Նրա խոսքով, այս տարի բերքը նույնքան է, որքան անցյալ տարի էր, բայց այն 20%-ով ավելի կլիներ, եթե հիվանդությունների ու կրծողների դեմ պայքար մղվեր:

Փորձագետը պնդում է, որ անցկացված դիտարկումների համաձայն այս տարի Հայաստանում խաղողի ընդհանուր բերքը կկազմի մոտ 150-180 հազ. տոննա:

Ընդ որում, նա պնդում է, որ Տավուշի մարզում իրադրությունն այնքան էլ վատ չէ, և այնտեղ բերքն այնքան էլ չի զիջում անցյալ տարվա ցուցանիշին. «Հայաստանի Տավուշի մարզում Երևանի կոնյակի գործարանն արդեն 1000 տոննա խաղող է գնել, իսկ Երևանի շամպայն գինիների գործարանը` 700 տոննա»:

Բացի դրանից, Հրաչյա Բերբերյանն ասել է, որ գործարանի կողմից նախապես պայմանագրում նշված խաղողի քանակը գնելուց հրաժարվելու դեպքում գյուղացին չի կարողանա որևէ հաստատություն դիմել, քանի որ ինքը պաշտպանված չէ օրենքով. «Պետք է գյուղատնտեսական ապրանք արտադրողների մասին օրենք ընդունել: Մեր Միությունն առաջարկել է իր օրինագիծը, բայց այն առաջ չի գնում»: