1 հոկտեմբերի 2010 - 15:24 AMT
Հայաստան-ԵՄ հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ թե՛ բազմակողմ, թե՛ անդամ երկրների հետ երկկողմ ձեւաչափերով

Հոկտեմբերի 1-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երեւանում գտնվող Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը եւ դեսպան Սեմնեբին քննարկեցին Հայաստանի եւ Եվրոպական Միության համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:

Կողմերը գոհունակությամբ նշեցին, որ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ թե՛ բազմակողմ, թե՛ անդամ երկրների հետ երկկողմ ձեւաչափերով: Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ հուլիսի 19-ին Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը նոր լիցք է հաղորդել Հայաստան – ԵՄ հարաբերություններին: Նախարարի խոսքերով սեպտեմբերի 24-ին ու 27-ին Երեւանի եւ Բրյուսելի միջեւ տեսակամուրջի միջոցով տեղի ունեցած բանակցությունները բավականին արդյունավետ էին եւ կարեւոր հոկտեմբերի 12-ին Բրյուսելում կայանալիք բանակցությունների երկրորդ փուլից առաջ:

Հայաստանի արտգործնախարարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը անդրադարձան նաեւ դեկտեմբերի 13-ին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը եւ դեկտեմբերի 23-ին նախատեսված Հայաստան – ԵՄ համագործակցության խորհրդին քննարկվելիք հարցերին:

Պիտեր Սեմնեբիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Զրուցակիցները անդրադարձ կատարեցին տարածաշրջանային մի շարք խնդիրների, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: