1 հոկտեմբերի 2010 - 15:25 AMT
Ուկրաինայի նորանշանակ դեսպանը Հայաստանի արտգործնախարարին է հանձնել իր հավատարմագրերի պատճենը

Հոկտեմբերի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուխտային` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Նախարար Նալբանդյանը, շնորհավորելով դեսպան Կուխտային նշանակման կապակցությամբ, հույս հայտնեց, որ նա իր կարեւոր ներդրումը կունենա հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման գործում: Էդվարդ Նալբանդյանը նաեւ արտգործնախարարության աջակցությունը հայտնեց դեսպանին նրա առաքելության իրականացման ընթացքում:

Դեսպան Կուխտան, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, նշեց, որ Ուկրաինան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների խորացմանը: Իվան Կուխտան կարեւորեց Ուկրաինայի հայ համայնքի ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Կուխտան մտքեր փոխանակեցին հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների, նոյեմբերին Հայաստանի արտգործնախարարի հրավերով Ուկրաինայի ԱԳ նախարարի Երեւան կատարելիք այցի, առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի, Հայաստանում եւ Ուկրաինայում փոխադարձ մշակույթի օրերի անցկացմանն առնչվող հարցերի շուրջ:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: