1 հոկտեմբերի 2010 - 18:05 AMT
Հայաստանը կարևորում է Եվրամիության աջակցությունը սահմանային ենթակառուցվածքների զարգացման գործում

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ դեսպան, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերը: Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն 2009-2011 թվականների գործողությունների ծրագրին վերաբերող հարցեր, մասնավորապես` կարեւորվել է Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի գործունեության ժամկետի երկարաձգումը: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Ազգային անվտանգության խորհրդի նիստում հավանության է արժանացել «Սահմանային անվտանգության ապահովման եւ պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարությունը»: Երկուստեք կարեւորվել է Եվրամիության աջակցությունը Հայաստանին եւ Հարավային Կովկասի երկրներին սահմանային ենթակառուցվածքների զարգացման գործում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը եւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերի: Արթուր Բաղդասարյանն անընդունելի է համարել տարածաշրջանային ծրագրերից Հայաստանը դուրս մղելու` Թուրքիայի եւ Ադրբեջանի գործելաոճը:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող այլ խնդիրներ, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի մամլո ծառայությունը: