1 հոկտեմբերի 2010 - 20:54 AMT
Պաշտոնապես բացվեց «Հայֆեստ» փառատոնը

Սոֆոկլեսի, Չեխովի, Սունդուկյանի, Շեքսպիրի, Ստանիսլավսկու, Մոլիերի և Սարոյանի ամենահյատնի արտահայտություններով բացվեց 8-րդ միջազգային թատերական «Հայֆեստ» փառատոնը: Այդպիսով, ցուցադրվեցին փառատոնի նոր պաստառներն ու հնչեց փառատոնի կարգախոսը՝ «Ո՞վ է հաջորդը»:

«Յուրաքանչյուր մարդ 5 զգացողություն ունի, սակայն, ըստ իս, ամենակարևորը շոշափումն է: Մենք հիանում ենք աշխարհի մեծերով, որոնք իրենց հետքն են թողել պատմության մեջ, իսկ դուք պետք է լարեք ձեր բոլոր զգացողությունները, գուշակելու համար, թե ով է հաջորդը»,-ասել է High Fest-ի նախագահ Արթուր Ղուկասյանը բացման արարողության ժամանակ:

Փառատոնը բացվեց իրանական «Աննատ» ներկայացմամբ: Այն պատմում է պարսիկ կնոջ կենցաղի մասին երեք դերասանուհիների կատարմամաբ: «Սա լավ ներկայացում է, սակայն փառատոնի բացման համար այն այնքան էլ հարմար չէր, քանի որ ներկայացումը փոքր լսարանի համար է նախատեսված: Այնտեղ շատ են փոքր մանրուքները, որոնք հարկավոր է փորք դահլիճում դիտել, ուստի ներկայացումը կցուցադրվի նաև հոկտեմբերի 2-ին Պետական տիկնիկային թատրոնում»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է փառատոնի իրանական ծրագրի պատասխանատու Ալբերտ Բեկջանյանը:

Փառատոնը կտևի մինչև հոկտեմբերի 8-ը: Փառատոնի շրջանակներում հանդես կգան Imitating the dog-ը Մեծ Բրիտանիայից, «Լուդեմ» թատրոնը Չեխիայից և The Charlestown Working Theater ԱՄՆ-ից: Փառատոնի շրջանակներում տեղի կունենա նաև Թատրոնների ու իրադարձությունների միջազգային ասոցիացիայի տարեկան խորհրդաժողովը: