4 հոկտեմբերի 2010 - 15:42 AMT
Արթուր Բաղդասարյանը կմեկնի Սոչի` անվտանգության համաշխարհային մարտահրավերները քննարկելու նպատակով

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախաձեռնությամբ Սոչիում կայանալիք անվտանգության հարցերը համակարգող պաշտոնյաների միջազգային հանդիպմանը մասնակցելու նպատակով հոկտեմբերի 4-ին Սոչի կմեկնի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պավիրակությունը:

Շուրջ վեց տասնյակ երկրների պատվիրակությունները երկու օր կքննարկեն անվտանգության համաշխարհային մարտահրավերներին միասին դիմակայելու հնարավորությունները, մասնավորապես` քննարկման առարկա կդառնան տեղեկատվական անվտանգությանն սպառնացող մարտահրավերները, բնական և տեխնածին աղետների, ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի, զենքի և ռադիոակտիվ նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի հարցերը:

Այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանը երկկողմ հանդիպումներ կունենա Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Բուլղարիայի, Ավստրիայի պատվիրակությունների ղեկավարների հետ:

Պատվիրակությունը կվերադառնա Երևան հոկտեմբերի 6-ին, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը: