4 հոկտեմբերի 2010 - 21:43 AMT
Հայաստանի նախագահն ընդունել է Ասիական Զարգացման Բանկի տնօրենների խորհրդի անդամներին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանըհոկտեմբերի 4-ինընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդի անդամներին:

Հանրապետության ղեկավարը բարձրէգնահատել ԱԶԲ-ի գործունեությունը մեր երկրում, ընդգծելով հատկապես Բանկի ներդրումը`ուղղված Հայաստանի տնտեսության կայուն զարգացման ապահովմանը: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բանկին` մեր երկրում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման գործում աջակցության համար:

«Մենք ԱԶԲ գործունեությունը կարևորում ենք ոչ այնքան Հայաստանում ներդրումների ապահովման, որքան կառավարման նոր մշակույթի ներմուծման տեսանկյունից: Մեզ համար դա չափազանց կարևոր հանգամանք է, որովհետև փորձում ենք ջանքեր ներդնել մեր երկրում արդյունավետ կառավարման մեխանիզմների և նոր կարողությունների ձևավորման ուղղությամբ: Հուսով եմ, որ ձեր այցը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ արդյունավետ համագործակցության համար»,- ասել է ՀՀ նախագահը:

Զրուցակիցները կարևորել են ԱԶԲ-ի հետ համատեղ նախաձեռնված այնպիսի ծրագրերի իրականացումը, ինչպիսիք են «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցումը, Հայաստանի քաղաքային և գյուղական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը, նաև` տարածաշրջանային զարգացում ապահովող հետագա ծրագրերում Հայաստանի ներգրավվածությունը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: