5 հոկտեմբերի 2010 - 11:24 AMT
Հոկտեմբերի 5-ին Ադրբեջանում և Թուրքիայում ԱՄՆ դեսպանների նշանակման հարցը Սենատում չի քննարկվելու

Հոկտեմբերի 5-ին տեղի կունենա ԱՄՆ Սենատի նիստը, որտեղ չեն լինի ոչ քննարկումներ, ոչ քվեարկություն: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտնել Ամերիկայի Հայ Դատի հանձախմբի (ANCA) մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը: Ըստ նրա, Սենատի կանոնավոր նիստերը կվերսկսվեն միայն Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, որոնք տեղի կունենան նոյեմբերի 2-ին:

Չուլջյանը նշել է նաև, որ ադրբեջանական ու թուրքական ԶԼՄ-ները սխալ հաղորդագրություն էին տարածել, թե հոկտեմբերի 5-ին կհաստատվեն Ադրբեջանում և Թուրքիայում ԱՄՆ դեսպաններ Մեթյու Բրայզայի ու Ֆրենսիս Ռիկարդոնեի թեկնածությունները: «Քանի որ նիստը աշխատանքային չի լինելու, ուստի Օբամայի առաջադրած թեկնածուները չեն հաստատվելու»,-ասել է նա: Վերջին լսումների ժամանակ արտաքին հարաբերությունների կոմիտեում, սենատորներ Բարբարա Բոքսերն ու Ռոբերտ Մենենդեսը վետո են դրել՝ արգելափակելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի թեկնածությունը: Ավելի վաղ Ֆրենսիս Ռիկարդոնեի թեկնածությանը վետո էր դրել սենատոր Սեմ Բրաունբեկը: