5 հոկտեմբերի 2010 - 14:09 AMT
«Հայջրմուղկոյուղին» դեռ հայտ չի ներկայացրել խմելու ջրի սակագների բարձրացման վերաբերյալ

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն նախատեսում է բարձրացնել խմելու ջրի սակագները, սակայն ընկերությունը դեռ չի դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ), PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ընկերության PR- մենեջեր Հասմիկ Հարությունյանը:

Հոկտեմբերի 5-ին ելույթ ունենալով Երևանում` «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը հաղորդել է, որ ընկերությունը ՀԲ-ից և Զարգացման ասիական բանկից ակնկալում է ստանալ վարկեր երկրի ջրամատակարարման համակարգի լիովին վերականգնման և վերանորոգման համար, իսկ վարկերի մարման որոշակի տոկոսները կմտնեն ջրամատակարարման սակագների մեջ:

Հասմիկ Հարությունյանն ավելացրել է, որ ջրամատակարարման համակարգի լիովին վերակագնումը պահանջում է 1 մլրդ դոլարի չափով ներդրումներ: Միաժամանակ նա նշել է, որ 6 տարվա ընթացքում ջրամատակարարման համակարգում կատարվել է 90 մլն դոլարի ներդրում: