5 հոկտեմբերի 2010 - 18:42 AMT
Ամփոփվել են Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի աշխատանքի արդյունքները

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ այսօր նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, խորհրդակցությանը մասնակցել են Երկրի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված` Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամներն ու համապատասխան գերատեսչությունների ղեկավարներ:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել է 2010թ. անցած 9 ամսվա ընթացքում Հանձնաժողովի կատարած աշխատանքը, նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը, որը Հանձնաժողովի գործունեության կարգի համաձայն, այնուհետ հաշվետվության տեսքով կներկայացվի Հանրապետության ղեկավարին:

Հանձնաժողովի անդամները հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացրել են իրենց դիտողություններն ու առաջարկությունները: Խորհրդակցության ավարտին Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը վստահեցրել է, որ քայլեր կձեռնարկվեն Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2010թ. աշխատանքային գործունեության ծրագրով նախատեսված միջոցառումներն ամբողջությամբ, որակով ու ժամանակին կատարելու ուղղությամբ: