5 հոկտեմբերի 2010 - 19:51 AMT
Ֆրանսիական ընկերությունը կաջակցի «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարությանը

Հոկտեմբերի 5-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցել նախարարին կից խորհրդակցական մարմնի նիստ, որը վարել է նախարար Մանուկ Վարդանյանը: Նախարար Մանուկ Վարդանյանը ներկաներին տեղեկացրել է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առաջին տրանշի շինարարական աշխատանքների վերահսկման և 2-րդ, 3-րդ տրանշերի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում խորհրդատվական ծառայությունների գնման մրցույթում հաղթող է ճանաչվել ֆրանսիական Egis Bceom International կազմակերպությունը:

Ինչպես հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամլո ծառայությունը, սեպտեմբերի 18-ին հայտարարվել է Երևան-Աշտարակ 11,7 կմ երկարությամբ ճանապարհային հատվածի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթը:

Ծրագրի իրականացման կազմակերպության ղեկավար Ֆելիքս Փիրումյանը մանրամասն ներկայացրել է ծրագրի առաջին տրանշի նախագծային լուծումների, շինարաական աշխատանքների վերահսկման հետ առնչվող հարցեր: Մասնավորապես, Ֆելիքս Փիրումյանը տեղեկացրել է, որ շինարարական կազմակերպության ընտրության համար հաշվի են առվելու մի շարք կարևոր պայմաններ, այդ թվում` Ասիական զարգացման բանկի կողմից առաջարկված 6 տարվա ընթացքում առնվազն 3 պայմանագրի մասնակցության հաջողված փորձի (20 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ) չափանիշները, ինչպես նաև կազմակերպության միջին տարեկան շրջանառությունը պետք է կազմի 20 մլն ԱՄՆ դոլար: Ֆելիքս Փիրումյանը հայտնել է նաև, որ Երևան-Աշտարակ 11,7 կմ ճանապարհի 5,6 կմ-ը նախատեսվում է վերակառուցել բետոնե, իսկ մնացածը` ասֆալտե ծածկով:

Հանդիպմանը ներկա շինարարական կազմակերպությունների, նախարարության ներկայացուցիչների, նախագծողների միջև ծավալվել է բուռն քննարկում` կիրառվելիք շինանյութերի որակի և չափանիշների, ճանապարհահատվածների ընտրության, ծածկի և այլ հարցերի շուրջ: