17 հուլիսի 2001 - 18:59 AMT
ԻՐԱՆԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԴԵՐԸ ԱՆՎԱՆԵԼ Է ԱՆՀԱՋՈՂ
Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Հասան Րովհանին Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ կայացած հանդիպման ժամանակ անհաջող է անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը ղարաբաղյան
հակամարտության կարգավորման գործընթացում: Դրա մասին հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը` վկայակոչելով իրանական IRNA գործակալությունը: Գործակալության տվյալներով` բարձրաստիճան պետական գործիչը հայտարարել է, որ եթե Մինսկի խմբին չհաջողվի առաջընթացի հասնել հայ-ադրբեջանական դիմակայության կարգավորման գործընթացում, ապա անհրաժեշտ կլինի անցնել կարգավորման նոր ռազմավարության մշակմանը:
Հիշեցնենք, որ Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը երեկ պաշտոնական այցով ժամանել է Երեւան: Այցի նպատակներից մեկը Հայաստանի նախագահի Թեհրան այցելոիթյան նախապատրաստումն է: Ենթադրվում է, որ Ռոբերտ Քոչարյանը հարեւան երկիր կմեկնի աշնան սկզբին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: