6 հոկտեմբերի 2010 - 20:19 AMT
Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Հոկտեմբերի 6-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Համանախագահները արտգործնախարար Նալբանդյանին ներկայացրեցին Ադրբեջանում ունեցած քննարկումների արդյունքները և ԼՂ հարակից տարածքներ իրականացվելիք դաշտային գնահատման առաքելության ծրագիրը:

Նախարար Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին իր վրդովմունքը հայտնեց նախօրեին ադրբեջանական բանտում առևանգված հայ հովվի սպանության կապակցությամբ` ընդգծելով, որ շուրջ 25 օր անգամ Կարմիր խաչի ներկայացուցիչները հնարավորություն չեն ունեցել հանդիպելու նրան:

Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ ահաբեկչական խմբավորումներին բնորոշ Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը չի նպաստում բանակցային գործընթացին:

Զրուցակիցները քննարկեցին առաջիկա անելիքները, բանակցությունների շարունակումը մադրիդյան առաջարկությունների հիման վրա, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: