6 հոկտեմբերի 2010 - 21:15 AMT
Սեյրան Օհանյանը չի բացառում, որ զինվորին ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսահոլովակի հետ կապված պատմությունը միտումնավոր բնույթ էր կրում

«Ես հենց սկզբից չէի հավատում, որ YouTube-ում զետեղված տեսահոլովակն իրական է: Սակայն պաշտպանության նախարարությունը ռազմական ոստիկանության հետ միասին կարողացավ բացահայտել այդ միջադեպի մասնակիցներին ու սպային, որը ծեծի էր ենթարկում զինվորին և որն արդեն ձերբակալվել է»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նա հավաստիացրել է, որ այդ սպան իր պատիժը կկրի օրենքի ողջ խստությամբ: «Սակայն ես մինչև վերջ չեմ բացառում այն վարկածը, որ դա միտումնավոր էր արված»,-ասել է ՊՆ ղեկավարը: Նա հավելել է նաև, որ այդ տեսահոլովակը նկարահանած և տարածած անձիք անպայման կբացահայտվեն: «Սակայն պատիժ կկրեն, թե ոչ, կորոշի քննչական մարմինը: Ես դա ասում եմ, որովհետև վերջերս ակտիվացել են «հարձակումները» բանակի ու նրա ղեկավարության հասցեին: Ես չեմ հասկանում, թե ինչու է դա արվում, սակայն նման դեպքեր եղել են նաև անցյալում»,-ասել է նա՝ հավելելով, որ, ցավոք սրտի, նման հանգամանքներում մահացու դեպքերը բանակում ավելանում են: Ինչպես նշել է Օհանյանը, առաջին հերթին բանակի հրամանատարությունն է ձգտում բացահայտել այդ դեպքերը:

Զինվորի սպանության վերջին դեպքի վերաբերյալ Օհանյանը նշեց, որ իրոք, նման դեպք եղել է: «Սպանության մասնակիցների մեծ մասն արդեն բացահայտվել է, իսկ հանցագործությունը ժամկետային զինծառայողների միջև ծեծկռտուքի հետևանք է»,-ասել է Օհանյանը՝ հավելելով, որ քրեական գործ է հարուցված և մեղավորները կպատժվեն: