7 հոկտեմբերի 2010 - 15:03 AMT
«Ռոստելեկոմը» հեռահաղորդակցական ծառայություններ կտրամադրի Հայաստանում

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն և GNG Alpha-ն ստորագրել են համաձայնագիր Հայաստանի տարածքում «Ռոստելեկոմ» ապրանքանիշով ծառայությունների վաճառքի նախագիծն իրագործելու մասին: Այդ մասին հաղորդում է «Ռոստելեկոմ» ընկերության մամլո ծառայությունը: Ըստ համաձայնության պայմանների, GNG Alpha-ն Հայաստանի տարածքում «Ռոստելեկոմ» ընկերության այնպիսի ծառայությունների առաջխաղացման և վաճառքի բացառիկ գործընկերն է, ինչպիսիք են IP-փոխանցումը, ինտերնետ մուտք գործելը և վարձույթով կապուղիներ տրամադրելը: GNG Alpha-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի խոսքերով, հայկական շուկան ժամանակակից հեռահաղորդակցական ծառայությունների պահանջարկի մեծ պոտենցիալ ունի, և հիմա ամենաճիշտ պահն է այդ նախագծի գործարկման համար:

«Նախագիծը շատ կարևոր է երկու ընկերությունների համար, և մեր կարծիքով, նման համագործակցությունը լավագույն ձևն է մեր ընկերության ծառայությունները Հայաստանի շուկա բերելու համար»,- ասել է «Ռոստելեկոմի» փոխնախագահ Անտոն Կոլպակովը:

«Ռոստելեկոմը» Էլեկտրակապերի միջազգային միության (ITU) մշտական անդամ է: Այսօր ընկերությունը համագործակցում է 400 միջազգային օպերատորների և ընկերությունների հետ: GNG Alpha-ն 2007-ից Հայաստանում հեռահաղորդակցական կապի լիցենզավորված օպերատոր է: Ընկերությունը կառուցել է մագիստրալ օպտիկամանրաթելային մալուխ Իրանից, ինչպես նաև երկու ելք Վրաստանի տարածքով: