Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Անահիտ Բախշյանը, Լարիսա Ալավերդյանը և Զարուհի Փոստանջյանը հանդես եկան օրենսդրական նոր` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախաձեռնությամբ:
Նախագծով նախատեսվում է նվազագույն ամսական աշխատավարձը ներկայիս 30 000 ՀՀ դրամի փոխարեն դարձնել 45 000 ՀՀ դրամ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության 2010 թվականի առաջին երկու եռամսյակների ցուցանիշների վերլուծության, ընթացիկ տարվա հենց սկզբում` հունվար-մարտ եռամսյակում, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը հասել է 40 234.2 դրամի, իսկ պարենային զամբյուղի արժեքը կազմել է 25 957.6 դրամ: 2010թ. հունվար-հունիս ամիսների հաշվետվության արդյունքներով պարզվել է, որ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը հասել է 41 052.4 դրամի, իսկ պարենային զամբյուղի արժեքը կազմել է 26 485.4 դրամ:
«Նախագծի ընդունումը ՀՀ 2011թ. պետական բյուջեի ընդունման նախաշեմին թույլ կտա փոքր-ինչ պաշտպանված դարձնել բնակչության հիմնականում աղքատ խավին` չկասեցվող աղքատացման ու չզսպվող գնաճի պայմաններում»,- նշվում է «Ժառանգության» մամլո ծառայության հաղորդագրության մեջ: