10 հոկտեմբերի 2010 - 15:49 AMT
Ֆրանսիայի հայերը պահանջում են Մանվել Սարիբեկյանի մահվան պատճառների անկախ հետաքննություն

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) դիմել է Միջազգային Կարմիր խաչ և մարդու իրավունքների այլ ֆրանսիական և եվրոպական կազմակերպություններ` Մանվել Սարիբեկյանի մահվան պատճառների անկախ հետաքննությունը սկսելու համար:

Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը, CCAF-ը հանդես է եկել հայտարարությամբ ադրբեջանական կողմից գերի վերցված հովիվ Մանվել Սարիբեկյանի մահվան հետ կապված և դատապարտել «նախագահ Ալիևի ցինիզմը»:

Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ CCAF-ը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունն Ալիևների դինաստիայի ավտորիտար ռեժիմին, որն ընդհանուր ոչինչ չունի եվրոպական հումանիտար արժեքների հետ: