10 հոկտեմբերի 2010 - 16:17 AMT
Սերժ Սարգսյանն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին և նրան ուղեկցող պատվիրակությանը:

Ալի Լարիջանին նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարող են լավ արդյունավետ հիմք հանդիսանալ տարածաշրջանի կայունության պահպանման համար:

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահը ընդգծել է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կարևորությունը` որպես ցանկացած տարանցիկ նոր ուղղության ստեղծում, որը կարող է շահավետ լինել դրա բոլոր անդամների համար:

Երկուստեք կարևորվել է ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի նախագծերի իրականացումը, ինչպիսիք են Իրան-Հայաստան երկաթգծի, Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-ի, Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, նավթամթերքների խողովակաշարի կառուցումը:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են, որ Հայաստանի և Իրանի ջերմ հարաբերությունների ձևավորման գործում իրենց նպաստն ունեն երկու երկրների օրենսդիր մարմինների արդյունավետ փոխգործակցությունը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: