11 հոկտեմբերի 2010 - 19:06 AMT
Սերժ Սարգսյանն ու Դանիլո Տյուրկը Հայաստանի Նկարիչների միությունում բացված լուսանկարչական ցուցահանդես են այցելել

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Սլովենիայի նախագահ Դանիլո Տյուրկը Հայաստանի Նկարիչների միությունում բացված լուսանկարչական ցուցահանդես են այցելել, որը նվիրված է Սլովենիայի XX դարի ճարտարապետությանը: Ցուցահանդեսի կազմակերպիչ Լուկաս Սկանսին նախագահներին մոտ 80 աշխատանքներ է ներկայացրել` նշելով, որ ցուցահանդեսը հիմնականում նվիրված է երեք դարաշրջանների, որոնցից առաջինը վերաբերում է Սլովենիայի ճարտարապետությանը Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի միջակայքում (1918-1940թթ.): Երկրորդ դարաշրջանը ներկայացնում է սոցիալիստական Հարավսլավիայի ճարտարապետությունը (1945-1991թթ.), իսկ երրորդը` անկախ Սլովենիայի ճարտարապետությունը:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշել է Լուկաս Սկանսին, Սլովենիան 2 միլիոն բնակչությամբ փոքր երկիր է: «Սակայն այն մեծ մշակութային ժառանգություն ունի, և շատ կարևոր է ցույց տալ այդ ժառանգությունն աշխարհի զանազան երկրներում»,- ասել է ցուցահանդեսի կազմակերպիչը: Նա ավելացրել է նաև, որ այդ ցուցահանդեսը տեղի է ունեցել Իտալիայում, Ավստրիայում և Ֆրանսիայում:

Լուկաս Սկանսին Հայաստանի նախագահին նվիրել է ցուցահանդեսի կատալոգը, իսկ Հայաստանի Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը Սլովենիայի նախագահին է հանձնել Նկարիչների միության և սեփական աշխատանքների կատալոգները: