12 հոկտեմբերի 2010 - 15:32 AMT
Միջնաժամկետ հեռանկարում սպասվում է հայկական կոնյակի գնի բարձրացում

Երևանի կոնյակի գործարանը միջնաժամկետ հեռանկարում նախատեսում է բարձրացնել կոնյակի գինը: Այդ մասին հոկտեմբերի 12-ին Երևանում լեգենդար կոնյակի նոր փաթեթավորումը ներկայացնելուն նվիրված մամլո ասուլիսում հաղորդել է Արևելյան Եվրոպայի երկրներում և Ռուսաստանում Pernod Ricard մարքետինգի գծով տնօրեն Սիրիլ Կլակենը: Միաժամանակ նա հավելել է, որ տվյալ պահին զգալի գնային փոփոխություն չի նախատեսվում:

Փոփոխության ենթարկվել են ապրանքանիշը, պիտակը և նվերի տուփը: Նոր ապրանքանիշի վրա փյունիկը` վերածնունդի խորհրդանիշը, համադրվում է այբբենարանի առաջին տառի հետ, որը խորհրդանշում է առաջնորդություն:

Իր հերթին Pernod Ricard Armenia ընկերության ղեկավար Ալեքսանդր Ղազարյանը պարզաբանել է, որ նոր փաթեթավորումով 3 և 5 աստղանի կոնյակի գները չեն բարձրանա, իսկ առավել բարձր դասի կոնյակների գները մի քիչ կբարձրանան: Նրա խոսքերով, դա կապված է ոչ միայն նոր փաթեթավորման, այլ նաև նրա հետ, որ խաղողի գինը թանկանում է: