13 հոկտեմբերի 2010 - 18:18 AMT
Հարվարդի համալսարանի մագիստրոսը Երևանում հակակոռպուցիոն քաղաքականության մասին դասախոսություն կկարդա

Հոկտեմբերի 19-ին Երևանում դիվանագետ, արտաքին քաղաքականության մասնագետ Ռոբերտ Սմոլիկը Հայաստանի Ամերիկյան համալսարանում «Հակակոռուպցիոն քաղաքականությունը և ճիշտ կառավարումը» խորագրով դասախոսություն կներկայացնի:

Ինչպես նշվում է ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայության հաղորդագրության մեջ, Ռոբերտ Սմոլիկը միջմշակութային հաղորդակցության, ժողովրդավարության ու կառավարման, ինչպես նաև տնտեսական զարգացման մասնագետ է: Վերջերս նա աշխատել է Միչիգանի համալսարանում (Անն Արբոր), եղել է ԱՄՆ-ի փոխդեսպան Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունում, հանդիսացել է Եվրոպայի տարածաշրջանի գծով ավագ խորհրդատուն ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչությունում: Նա զբաղեցրել է բազմաթիվ բարձր պաշտոններ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում. եղել է Տնտեսական գծով ղեկավար և դեսպանի պաշտոնակատար ինչպես Կանադայում ԱՄՆ-ի դեսպանատանը, այնպես նաև Իտալիայում ԱՄՆ-ի դեսպանատանը: Ռոբերտ Սմոլիկը ստացել է մագիստրոսի կոչումներ Հարվարդի համալսարանում և Կալիֆոռնիայի համալսարանում (Բեռկլի): Նրա դասախոսությունների հիմնական թեմաներն են ճիշտ կառավարումն ու հակակոռուպցիոն քաղաքականությունը, տնտեսական զարգացումը և ահաբեկչության ֆինանսավորման հակազդեցությունը:

Դիվանագետը Հայաստանում է ԱՄՆ դեսպանատան հրավերով: