14 հոկտեմբերի 2010 - 15:54 AMT
Հոկտեմբերի 17-ին Արենի գյուղում կնշեն Գինու տոնը

Հոկտեմբերի 17-ին խաղողի բերքահավաքի և մթերման ավարտի շրջանում հայկական Արենի գյուղում կնշեն Գինու տոնը: Ինչպես հայտնել է Երևանում մամլո ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, այդ տոնը Արենին նշում է երկրորդ անգամ և հույս է հայտնել, որ այն կդառնա ավանդական: «Դա ևս մեկ միջոց է Հայաստանը և նրա ավանդույթներն աշխարհին ներկայացնելու համար»,- ասել է Ապրեսյանը:

Իր հերթին, Արենի գյուղի գյուղապետ Ժիրայր Եղոյանը նշել է, որ Գինու տոնն այս տարի մեծ մասշտաբներ կունենա. սպասվում է ինչպես իշխանության ներկայացուցիչների, տեղի զբոսաշրջիկների, այնպես էլ արտասահմանյան հյուրերի մասնակցությունը, որոնք գալու են Հայաստան Տաթևի ճոպանուղու բացմանը ներկա գտնվելու համար:

Նա ավելացրել է, որ Գինու տոնը նվիրված է ոչ միայն հայկական «Արենի» գինու ճանաչմանը միջազգային ասպարեզում, այլ նաև ագրոտուրիզմի զարգացմանը և հայկական ավանդույթների վերածնմանը: Մասնավորապես, Եղոյանի խոսքերով, միջոցառան շրջանակներում նախատեսվում է գինու և պանրի համտես, ձիավարության մրցույթ: «Հայ աղջիկները, ոտքերին ածուխ քսելով, ճզմելու են խաղողը գինու հետագա պատրաստման համար»,- ասել է գյուղապետը: