15 հոկտեմբերի 2010 - 16:20 AMT
Չավուշօղլուն հանդես է գալիս Թուրքիայի, այլ ոչ թե ԵԽԽՎ անունից, որի ղեկավարն է հանդիսանում

Եվրոպական տարածաշրջանում Թուրքիան և Ռուսաստանը երկու կարևոր խաղացողներ են, որոնք ԵՄ անդամ չեն և պետք է համագործակցեն խնդիրների լուծման նպատակով: Այդ մասին Մոսկվայում հայտնել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մևլութ Չավուշօղլուն: Նրա խոսքով, Թուրքիան հաջողությամբ կատարում է իր պարտականությունները, որոնք ստանձնել է տարածաշրջանային և միջազգային մարմինների առջև, և Թուրքիայի հեղինակությունն աստիճանաբար աճում է, քանզի նա ճիշտ քայլեր է ձեռնարկում խաղաղության և կայունության համար պայքարում: «Ես հանդիպեցի Ռուսաստանի երեք հիմնական կրոնական համայնքների ղեկավարների հետ և ողջունում եմ եկեղեցիների կողքին մզկիթներ ու սինագոգեր կառուցելու Ռուսաստանի պատրաստակամությունը: Ռուսաստանը Թուրքիայի գլխավոր առևտրական գործընկերն է, և սպասվում է, որ ապագայում ապրանքաշրջանառությունը կկազմի մոտ $100 մլրդ»,- ասել է Չավուշօղլուն:

Մոսկվայում ԵԽԽՎ ղեկավարը մասնակցում էր «Կրթությունը Եվրոպայում. ուսանողների համաձայնեցված զարգացում» գիտաժողովին: