16 հոկտեմբերի 2010 - 11:34 AMT
Ամերիկա-հայկական խմբավորման կասկածյալ անդամներից մեկը կամավոր հանձնվել է ԱՄՆ իշխանություններին

Վահան Ստեփանյանը, որը ամերիկա-հայկական խմբավորման կասկածյալ անդամներից մեկն է, այսօր կամավոր հանձնվել է ԱՄՆ իշխանություններին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ՀԴԾ Նյու Յորքի բաժանմունքի քրեական բաժնի ղեկավար Դիեգո Ռոդրիգեսը:

Վահան Ստեփանյանին ՀԴԾ-ն համարում է հայկական հանցավոր խմբավորման Նյու Յորքի ճյուղի ղեկավարներից մեկը: Ինչպես հայտնում է «Wall street Journal»-ը, Ստեփանյանին որոնում են նաև Ալբանիայի իշխանությունները՝ սպանության մեղադրանքով: Անցած չորեքշաբթի մի քանի նահանգներում ձերբակալվել են ամերիկա-հայկական խմբավորման շուրջ 70 անդամներ, որոնք առանձնակի խոշոր չափերի խարդախությամբ են ղբաղվել: Կասկածյալների մոտ կեսը ԱՄՆ քաղաքացիներ են:

Ռոդրիգեսը հայտարարել է, որ ձերբակալությունների արդյունքում «զգալի հարված հասցվեց հայկական հանցավոր խմբավորմանը: Մեզ հաջողվեց ձերբակալել այդ խմբավորման պարագլուխներին, այդ թվում օրենքով գող Արմեն Ղազարյանին»,-ասել է ՀԴԾ գործակալը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: