16 հոկտեմբերի 2010 - 14:05 AMT
Հաջորդ տարվանից Վրաստանի հայկական դպրոցներում հայոց լեզվին հատկացված դասաժամերը կավելանան

Հայաստանի կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Վրաստանի կրթության ու գիտության նախարար Դմիտրի Շաշկինը հուշագիր են ստորագրել համագործակցության մասին:

«Հուշագիրը կհամալրի մեր երկրների միջև առկա իրավական բազան: Այնտեղ կան նորամուծություններ, կապված առաջիկա 1-1,5 տարվա ծրագրերի հետ: Հայաստանը պարտավորվում է նպաստել հայալեզու կրթությանը Վրաստանում և ապահովել այնտեղի հայկական դպրոցների նյութատեխնիկական բազան: Ընդ որում Վրաստանը կաջակցի ՀՀ-ում վրացական կրթական կենտրոնին»,-ասել է Աշոտյանը: Վրաց նախարարն, իր հերթին, հավելել է, որ հայկական դպրոցները մեծ դերակատարություն ունեն Վրաստանի կրթության ոլորտում: «Ընթացիկ տարում մեզ հայտարարվեց, որ հայոց լեզվի դասաժամերը ժամանակավորապես են կրճատվել, քանի դեռ ուժի մեջ չի մտել նոր ուսումնական ծրագիրը: Այս պահի դրությամբ հայկական դպրոցներում հայոց լեզվի և վրացերենի դասաժամերի քանակը հավասար է: Հաջորդ տարի կավելանան ինչպես վրացերենի, այնպես էլ հայերենի դասաժամերը»,-ասել է նա:

Շաշկինն ասել է նաև, որ եղան հայկական դպրոցներ, որ ենթարկվեցին օպտիմալացման, ինչպես և վրացական դպրոցները, աշակերտների փոքր քանակության պատճառով: Նա նշել է նաև, որ ոչ մի ուսուցիչ աշխատանքից չի ազատվել: