16 հոկտեմբերի 2010 - 18:17 AMT
Գարեգին Բ. Տաթևի ճոպանուղու բացումը բարի գործ է, որը կյանքի է կոչվել է հավատացյալ հոգու կողմից

«Տաթևի ճոպանուղու բացումը բարի գործ է, որը կյանքի է կոչվել է հավատացյալ հոգու կողմից»,- հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզում ասել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն աշխարհում ամենաերկար ճոպանուղու գործարկման արարողության ժամանակ: Նրա խոսքերով, Տաթևի վանական համալիրն իր հիանալի գեղեցկությամբ հայկական ճարտարապետության բացառիկ նմուշներից է, դարերի ընթացքում այն եղել է հայոց հոգևոր կյանքի, գիտության և կրթության կենտրոնը: «Մենք բոլորս ուրախ ենք, քանզի ճոպանուղին կօգնի մեզ արագ և հեշտ հասնել Տաթևի վանական համալիր»,- ասել է նա:

«Իր առաքելությամբ Տաթևի վանական համալիրը հավատի վեր հառնող հուշարձան է և Աստծո մոտ առաջնորդող ուղի, որը լի է աղոթքով և օրհնությամբ»,- ասել է Գարեգին Բ-ն:

Նա նաև ավելացրել է, որ հայ ժողովրդի համար նոր օրհնություն և ուրախություն է այն, որ ճոպանուղու կառուցումն իրագործած բարեգործները նախատեսում են իրագործել նաև Տաթևի վերածնունդի ծրագիրը, որպեսզի վանական համալիրն ամբողջությամբ վերանորոգվի և շարունակի մնալ քրիստոնեական մշակույթի գանձը:

ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության հավակնորդ Տաթևի համալիրը Հայաստանի հնագույն և ամենահեղինակավոր վանքերից է և աննախադեպ կարևորություն ունեցող կրթական կենտրոն: Իր ճարտարապետական, պատմական և բնական արժեքների շնորհիվ այն նաև միջոց է' շրջանում զբոսաշրջության զարգացմանը զարկ տալու համար: 50 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ «Տաթևի վերածնունդ» ծրագիրը նպատակ ունի համադրել համալիրի վանական և զբոսաշրջային արժեքը` շրջանը գրավիչ զբոսաշրջային ուղղություն դարձնելու համար, ինչը հիմք կլինի համայնքի բարգավաճման համար: