18 հոկտեմբերի 2010 - 21:22 AMT
Արմեն Գևորգյանը Յան Միքալեֆի հետ քննարկել է տեղական ինքնակառավարման ոլորտում Եվրախորհրդի հետ համագործակցության հարցեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հոկտեմբերի 18-ին ընդունեց Եվրախորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահի պաշտոնակատար Յան Միքալեֆի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվեցին տեղական ինքնակառավարման ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր: Փոխվարչապետը հյուրերին ներկայացրեց իրականացված և իրականացվելիք բարեփոխումները: Մասնավորապես նշվեց, որ առաջիկա տարիներին ուշադրության կենտրոնում են լինելու տեղական ներկայացուցչական մարմինների աշխատանքների արդյունավետության բարձրացման, տեղական ինքնակառավարման համակարգի` առավել արդյունավետ մոդելի ընտրության և համայնքների ֆինանսական կարողությունների մեծացման խնդիրները, որոնք ենթադրելու են ՏԻ մարմինների պատասխանատվության ու հնարավորությունների ավելացում: Մի շարք քայլեր արդեն կատարվել են այդ ուղղությամբ. մշակվել է «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգ»-ը, կատարվել են օրենսդրական փոփոխություններ` տեղական հարկատեսակների վարչարարության բարելավման ուղղությամբ, քննարկման փուլում է «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նախագիծը:

Վերոնշյալ և մի շարք այլ հարցեր ընդգրկված են ԵԽ հետ մշակվող ՀՀ ապակենտրոնացման քաղաքականության գործողությունների ծրագրի նոր նախագծում, որը նախատեսված է առաջիկա 3 տարիների համար: Փոխվարչապետը նախագիծը տրամադրեց նաև պատվիրակությանը` ակնկալելով գործուն համագործակցություն:

Յան Միքալեֆն իր հերթին ողջունեց տեղական ժողովրդավարության կայացմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերը: Նա նաև բարձր գնահատեց ՀՀ իշխանությունների` ոլորտում բարեփոխումներ իրականացնելու վճռականությունը` նշելով, որ Հայաստանը կոնգրեսին կարող է դիտել որպես գործընկեր` հետագա բարեփոխումների կատարման գործում, և այդ հարցում Հայաստանի համար օգտակար կարող է լինել թե կոնգրեսի, թե անդամ երկրների փորձը: Պատվիրակության ղեկավարը տեղեկացրեց, որ բարեփոխումներ են իրականացվում նաև կոնգրեսում` գործունեությունը կենտրոնացնելով տեղական ժողովրդավարության և մարդու իրավունքների վրա: Դրանցով պայմանավորված` յուրաքանչյուր երկրի մասով 3 տարին մեկ կպատրաստվի տեղական ժողովրդավարության վերաբերյալ մոնիտորինգային զեկույց: Հայաստանի վերաբերյալ զեկույցը նախատեսվում է 2012թ-ին:

Անդրադարձ եղավ նաև 2009թ. Երևանի ավագանու ընտրություններին. երկուստեք արձանագրվեց, որ այն էական քայլ էր տեղական ժողովրդավարության կայացման գործում:

Կողմերը կարևորեցին կոնգրեսի հետ արդյունավետ համագործակցության շարունակականությունը, ինչպես նաև բարձր գնահատվեց կոնգրեսում Հայաստանի պատվիրակության աշխատանքը:

Եվրախորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը Հայաստանում է` մասնակցելու հոկտեմբերի 19-21-ին Երևանում անցկացվելիք «Ժողովրդավարությունը Եվրոպայում. սկզբունքներ և նպատակներ» համաժողովին: Հյուրերը վստահություն հայտնեցին, որ այն ևս լրացուցիչ խթան կլինի ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործընթացում, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: