19 հոկտեմբերի 2010 - 15:36 AMT
Հաջորդ տարի նախատեսվում է բոլոր պատգամավորներին ապահովել համակարգիչներով ու ավելացնել գործուղման ծախսերը

Հայաստանի պետկառավարման աշխատակազմերում իրականացված փոփոխություններն ազդել են 2011թ. պետկառավարման մարմինների բյուջեի ձևավորման վրա: Այդ մասին Հայաստանի 2011թ. պետբյուջեի քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի և պետաիրավական հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Ըստ Սաֆարյանի, ընդհանուր առմամբ պետկառավարման մարմիններում կրճատվել է շուրջ 260 աշխատատեղ: «Դա արվել է արդյունավետ կառավարման նպատակով, ոչ թե ֆինանսական դժվարությունների պատճառով»,-ասել է Սաֆարյանը՝ հավելելով, որ ավելի լավ է ավելի քիչ քանակով պրոֆեսիոնալ մասնագետներ ունենալ և վճարել նրանց բարձր աշխատավարձ, քան հակառակը:

Իր հերթին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ներկայացնելով ԱԺ-ի 2011թ. բյուջեն, նշել է, որ հաջորդ տարի բոլոր պատգամավորները կապահովվեն համակարգիչներով: «Գործուղման ծախսերը կավելացվեն 106 մլն դրամով, քանի որ խորհրդարանական դիվանագիտությունը բավականին ակտիվացել է»,-ասել է նա՝ նշելով, որ, հավանաբար, 2011թ. կքննարկվի նաև ԱԺ ամբողջ շենքի վերանորոգման հարցը: