20 հոկտեմբերի 2010 - 17:37 AMT
Հաջորդ 3 տարում Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը Հայաստանին կհատկացնի 10 մլն դոլար

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը (ԳԷՀ) անցած 18 տարիներին շուրջ 18 մլն դոլար է ներդրել Հայաստանում: Այդ մասին Երևանում լրագրողներին է ասել ԳԷՀ նախագահ Մոնիկ Բարբութը: Ըստ նրա, հիմնականում միջոցներն ուղղվել են շրջակա միջավայրի պաշտպանությանը և էներգետիկ համակարգի արդյունավետության բարձրացմանը: Նա ընդգծել է, որ հաջորդ 3 տարում Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը Հայաստանին կհատկացնի 10 մլն դոլար:

«Նախկինում մենք միջոցներ էինք հատկացնում երկրների ներկայացրած ծրագրերն ուսումնասիրելուց հետո, սակայն, պարզվեց, որ փոքր երկրները չեն կարող մրցել մեծ երկրների հետ, ուստի, այժմ որոշվել է յուրաքանչյուր երկրի որոշակի գումար հատկացնել և հնարավորություն տալ 3 տարվա ընթացքում մշակել և ծրագրեր ներկայացնել՝ ֆինանսավորում ստանալու համար»,-ասել է նա:

Հայաստանին հատկացված միջոցները կուղղվեն հողերի դեգրադացման դեմ պայքարին: «Հայաստանը համարվում է լեռնային ու չոր կլիմայով երկիր, որտեղ հողերի 85 տոկոսը դեգրադացման է ենթարկված»,-ասել է Բարբութը: