20 հոկտեմբերի 2010 - 18:00 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան կժամանեն նախապատրաստելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Ինչպես և ավելի վաղ հայտարարվել էր, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը (Լեհաստան) նոյեմբերի սկզբին հերթական այցով կժամանեն տարածաշրջան:

Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքներում գնահատման առաքելության ավարտից հետո միջնորդները հայտարարեցին, որ տարածաշրջան կժամանեն նոյեմբերի սկզբին: Մինչ այդ ԵԱՀԿ-ին և հակամարտության կողմերին կներկայացվի ներքին հաշվետվությունը:

Այցի ընթացքում համանախագահները կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ, ինչպես նաև կնախապատրաստեն նոյեմբերի 10-ին Ստրասբուրգում Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նստաշրջանի շրջանակում երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը:

Ստրասբուրգում կմեկնարկի դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման նախապատրաստումը: