20 հոկտեմբերի 2010 - 19:11 AMT
Գյումրու տեխնոպարկի 2010թ. ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել «Մեխանիկայի և էլեկտրոնիկայի լաբորատորիայի հիմնում» շնորհանդես-քննարկումը

Գյումրու տեխնոպարկի 2010թ. ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել «Նեյշնլ Ինստրումենտս» ընկերության «Մեխանիկայի և էլեկտրոնիկայի լաբորատորիայի հիմնում» շնորհանդես-քննարկումը:

Ինչպես այսօր հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունից, «Նեյշնլ Ինստրումենտս» ընկերության ներկայացուցիչ Գեղամ Վարդանյանը քննարկման մասնակիցներին ներկայացրեց Գյումրիի համար անհրաժեշտ ճարտարագիտական լաբորատորիաները, որից հետո մասնակիցները քննարկեցին յուրաքանչյուր լաբորատորիայի անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց «Նեյշնլ Ինստրումենտս» ընկերության հետ կնքել լաբորատորիայի հիմնման պայմանագիրը, որով նախատեսվում է վերոնշյալ լաբորատորիայի հիմնումը մինչև տարեվերջ:

Քննարկմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, փոխնախարար Վահե Դանիելյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Նեյշնլ Ինստրումենտս» ընկերության տնօրեն Արամ Սալաթյանը, ԳՏԶՀ-ի տնօրեն Գուրգեն Պարոնյանը, Գյումրու մանկավարժական համալսարանի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը, ինչպես նաև ՀՊՃՀ-ի Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի ներկայացուցիչներ:

2010 թվականի մայիսի 27-ին ՀՀ կառավարության կողմից ընդունված «Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման պետական աջակցության 2010 թվականի» ծրագիրը հաստատելու մասին 632-Ն որոշմամբ նախատեսվում է «Մեխանիկայի և էլեկտրոնիկայի ոլորտների ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաների հիմնում` տեղական և միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների հետ» միջոցառման իրականացումը, որը իրենից ներկայացնում է Գյումրիում «Նեյշնլ Ինստրումենտս» ընկերության հետ համատեղ մեխանիկայի և էլեկտրոնիկայի լաբորատորիայի հիմնում: